Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց

Վաղարշապատի մատույցում գտնվող Ամատունյաց ոստանը` Օշականը ,չէր կարող չունենալ իր դպրոցը, որում Մաշտոցի աշակերտ Վահան Ամատունու նվիրյալ ջանքով պիտի Մաշտոցի օրոք ուսուցանվեր մաշտոցյան գիրը,գրին դրոշմվեր հավատն ու պատմությունը,լույսն ու երազը:Իսկ երբ Մաշտոց սրբի աճյունը լուավոր խաչի ուղեկցությամբ հանգրվանեց Օշականում, եկեղեցի – մատուռը դարձավ աղոթատեղ,դպրոց-դպրանոց:Դարերում գործեց դպրոցը` եկեղեցուն կից,եկեղեցու և օշականցիների սիրո և խնամքի ներքո:Գործեց բացահայտ,գործեց գաղտնի, երբ կտրել էին ուզում հայի լեզուն ,փակել էին ուզում հայի սրտի ճամփան:Պահպանվել են 20-րդ դարասկզբի Օշականի դպրոցի ավագ ուսուցչի (տնօրենի) հուշերը դպրոց ստեղծելու և պահելու դժվարությունների մասին:Թույլատրել են միայն ռուսական կրթությունը: 1914թ. ուսումնասեր ու հայրենապաշտ, ավանդապահ ու աշխատասեր օշականցիները եկեղեցու շուքի ներքո կառուցեցին հրաշալի, ամրաքար մի շենք` դպրոցի շինությունը:Քար ու կիր են բերել մեր պապերը, իրենց հողերի բարդիները դարձրել գերան, որ ամուր լինի տունը հայոց, հավատն ու գիրը` անսասան, սերունդները անխաթար պահեն Մաշտոցի լույսը: Շենքի ճակատին Մաշտոցի հարթաքանդակն Է:Դպրոցը միշտ կրել Է Մեսրոպ Մաշտոցի անունը: Օշականի դպրոցը միջնակարգ Է 1936 թվականից:Այսօրվա շենքը ունի 46 տարվա պատմություն;Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը ունի չորս մասնաշենք, որոնցից գործում են երեքը:Այսօր դպրոցի գլխավոր մասնաշենքը <<Հայաստան>>համահայկական հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվում Է: 80 տարվա ընթացքում դպրոցը ղեկավարել են Հոմբերտ Մնացականյանը, Սուրեն Մարգարյանը, Մելքոն Բադալյանը,Սեթ Ադիբեկյանը,Աշխարհիկ Ամատունին,Հարություն Ստեփանյանը,Շողիկ Նիկողոսյանը,Ֆերդինանդ Հովնանյանը,Վերա Գրիգորյանը,Ստյոպա Համբարձումյանը,Նաիրա Մկրտչյանը,իսկ 2016թ-ց մինչ օրս դպրոցի տնօրենն Է`Լիանա Մելիքյանը :Դպրոցում սովորում է 535 աշակերտ, դասավանդում Է 52 ուսուցիչ: Օշականի դպրոցի անվան հետ կապված են բոլոր օշականցիները:Հարյուրավոր ուսուցիչներ են աշխատել Օշականում:Նրանք կերտել են օշականյան դպրոցի պատմությունը,իրենց հոգու և գիտելիքի լույսով սերունդներ կրթել և շարունակում են իրենց նվիրյալ ու սուրբ գործը: